Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ի՞նչը կհաշտեցնի Պուտինին ու Էրդողանին

Ի՞նչը կհաշտեցնի Պուտինին ու Էրդողանին
20.06.2016 | 11:52

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Անկարան ծրագրում է մինչև ամռան վերջը նորմալացնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Haber7-ը, հղում անելով դիվանագետներին, հաղորդում է, որ Թուրքիան ճանապարհային քարտեզ է մշակել 9 քայլով: Ծրագրելով փոխադարձ քայլեր՝ Անկարան հրաժարվում է որևէ երրորդ երկրի կամ երկրների խմբի միջնորդական ջանքերից:

Ճանապարհային քարտեզը ենթադրում է քայլ առ քայլ մերձեցում Մոսկվայի ուղղությամբ՝ ներառյալ նախարարների մակարդակով Թուրքիայի մասնակցությունը Ռուսաստանում անցկացվող բոլոր միջազգային միջոցառումներին, հասարակական դիվանագիտության օգտագործումը, գործողությունների համակարգումը Սիրիայում, ռուսական բիզնեսի հետ հարաբերությունների ակտիվացումը՝ Թուրքիայի արդյունաբերողների ու բիզնեսմենների միության աջակցությամբ:

Միաժամանակ՝ թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մոսկվայի ու Անկարայի միջև փակ բանակցություններ են ընթանում արտաքին քաղաքական գերատեսչական խողովակներով, որոնց ընթացքում քննարկվում են հարաբերությունների նորմալացման պայմանները: Թերևս, երկխոսությունը հաջողությամբ է զարգանում՝ հայտարարելով Ռուսաստանում անցկացվելիք բոլոր պաշտոնական միջոցառումներին մասնակցելու մտադրության մասին՝ Անկարան պետք է վստահ լինի, որ հրավեր կստանա: Հարաբերությունները սրվեցին, երբ անցյալ տարի նոյեմբերին Սիրիայի երկնքում Թուրքիայի ռազմաօդային ուժերը խփեցին ռուսական Су-24-ը:

Մոսկվան կարծում է, որ Անկարան պետք է պաշտոնապես ներողություն խնդրի միջադեպի համար և նյութական փոխհատուցում վճարի: Թուրքիան դեռ հրաժարվում է այդպիսի քայլերից, ավելի ճիշտ՝ հրապարակային ներողությունից: Այնուհանդերձ, կողմերը տարբեր ազդանշաններ են փոխանակում, որ շատ փորձագետներ դրական են գնահատում: Անկարայում շշուկներ կան, որ թուրքական արտաքին քաղաքականության մեջ գերակայությունների փոփոխության փուլ է սկսվում: Փոխվում են և գործող անձինք: Վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականից հետո, կարծես, ճոճվում է և Էրդողանի «գաղտնիքների պահապանի» աթոռը՝ Ազգային հետախուզության կազմակերպության նախագահ Հաքան Ֆիդանի:

Ճիշտ է, ոչ ոք դեռ չի կարող ասել՝ կվերադառնա՞ Թուրքիան իր արտաքին քաղաքականության հայեցակարգային երկու սկզբունքներին, որ գործում էին մինչև արաբական գարնան սկսվելը՝ «զրո պրոբլեմներ հարևանների հետ» և «Թուրքիայի շուրջ կայունության ու անվտանգության գոտու ստեղծում»: Ցնցումների ալիքը, որ անցավ ամբողջ Մերձավոր Արևելքով ու Թուրքիայով, ստիպում է երկրի ղեկավարությանը լրջորեն սրբագրել քաղաքականությունը տարածաշրջանի երկրների, և հատկապես Ռուսաստանի նկատմամբ: Օբյեկտիվ գործոնների տեսակետից՝ երկու երկրների փոխհարաբերություններում պատմական ճեղքումը Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ 2000-ականների սկզբին ցույց տվեց, որ տնտեսությունները կարող են աշխատել փոխլրացման ռեժիմով, իսկ քաղաքական կամքի առկայությամբ երկու նախագահները կարող են ոչ միայն ամրապնդել իրենց միջազգային դիրքերը, այլև չեզոքացնել իրենց շահերին հակասող տրենդները համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը բավականաչափ հստակ է հասկացրել, որ ռուսական Су-24-ի վրա գրոհելուց հետո հարաբերությունների նորմալացումը հնարավոր չէ առանց Անկարայի կողմից անհրաժեշտ գործողությունների: Միևնույն ժամանակ Պեսկովը նկատեց. «Ռուսաստանը կցանկանար, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերադառնային նախկին բարձր մակարդակին»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ափսոսանք հայտնեց, որ Անկարայի քաղաքական հարաբերությունները Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ կտրուկ վատացել են. «Ես հույս ունեմ, որ մենք կվերադառնանք հին ժամանակներին և մեր հարաբերությունները շուտով կվերականգնվեն ու ավելի ուժեղ կդառնան»: Մինչև ճգնաժամը Թուրքիայի ու Ռուսաստանի իշխանությունները հայտարարում էին, որ սիրիական ճգնաժամի հաղթահարմանն առնչվող քաղաքական տարաձանությունները բոլորովին չեն ազդում Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վրա: Երկու երկրները մշակում էին կարևոր էներգետիկ նախագծեր՝ «Ակկույու» աէկ-ի և «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը:

Բայց հենց ռուսական ռմբակոծիչի ոչնչացումը այն հետևանքն ունեցով, որ թուրք վերլուծաբանների կարծիքով, սպասվում էր ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, որ զգուշանում էին Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումից: Այդ մերձեցումն առաջին հերթին կարող էր խախտել այն ուժերի ծրագրերը, որ տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ չեն: Մոսկվայում ու Անկարայում դա հիանալի հասկանում են և որոնում են միմյանց համար հաշտության փոխընդունելի տարբերակներ: Նախագահ Պուտինը վերջերս Մոսկվայում ընդունելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին` հայտարարեց, որ «Ռուսաստանը չի հրաժարվել ոչ «Հարավային հոսքից», ոչ «Թուրքական հոսքից», և «Մոսկվան սպասում է այդ հարցերում Եվրահանձնաժողովի հստակ դիրքորոշմանը»: Եվ երկրորդ տեղում միայն հիշատակեց Թուրքիայի հետ հայտնի պատճառներով քաղաքական դժվարությունները:

Ավելի վաղ՝ Հունաստան այցի ժամանակ, ՌԴ նախագահն ընդգծեց, որ «Ռուսաստանը երբեք չի մտածել Թուրքիայի հետ պատերազմել» և «մենք ուզում ենք բարելավել մեր հարաբերությունները, որը մենք չենք փչացրել»: «Բայց բառերը բավարար չեն, գործողություններ են պետք, մենք Թուրքիայի հետ կապի մեջ ենք և սպասում ենք թուրքական կողմի որոշ քայլերի, որ դեռ չեն արվել»՝ ընդգծեց ՌԴ նախագահը:

Hurriyet-ի կարծիքով՝ Մոսկվան հասկացնում է, որ «տեսնում ու գնահատում է թուրքական արտաքին քաղաքականության որոշ փոփոխությունները և չպետք է անակնկալ լինի, եթե առաջիկայում երկու երկրները հայտարարեն, որ վերսկսում են «Թուրքական հոսք» նախագիծը»: Սպասենք-տեսնենք:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Փաստորեն՝ ի՞նչը կհաշտեցնի Պուտինին ու Էրդողանին հարցի պատասխանը Ստանիսլավ Տարասովը փորձում է և քաղաքական, և տնտեսական շահերով պայմանավորել: Այսինքն՝ խաղալիք ավտոմատներով մի քիչ կռիվ-կռիվ խաղացինք, հերիք է, անցնում ենք գործի: Մերձավոր Արևելքում ու տարածաշրջանում ոչ միայն արաբական գարուն ու սիրիական պատերազմ է եղել, որը դեռ չի ավարտվել և հայտնի չէ՝ երբ ու ինչպես կավարտվի: Հնարավոր չէ շրջանցել պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի գործոնը: Հատկապես՝ թուրք-իրանական բարդ հարաբերությունները՝ տարածաշրջանում ազդեցության ընդլայնման առումով: ՈՒ մեծ չափազանցություն է, որ ռուս-թուրքական բարձրամակարդակ ջերմ հարաբերությունների շրջանում տարածաշրջանում կայունություն կար: Ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումով Հայաստանի համար վերականգնվում է հին իրավիճակը, երբ Ռուսաստանի բարեկամները մեր բարեկամները չեն, իսկ նրա թշնամիների թշնամին ենք դառնում մենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ